Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների

Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հունվարի 28-ին, երբ մեր ողջ ժողովուրդը միահամուռ նշում էր Հայոց բանակի օրը, տեղի ունեցավ մի տարօրինակ իրադարձություն, որը մթագնեց համաժողովրդական ցնծությունը՝ Ոստիկանությունը ակնհայտ շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց մի շարք քաղաքական ակտիվիստների։ Ու թեև բոլորը նույն օրվա ընթացքում ազատ արձակվեցին, դառը նստվածքը մնաց, և ես կուզեի այդ կապակցությամբ մի քանի դիտարկմամբ կիսվել՝

ա) Քաղաքականությունը, ըստ սահմանման, մրցակցային գործընթաց է՝ ավելին, այն խաղի կոշտ կանոններ ունի, և քաղաքական մրցակիցները և հակառակորդները իրար խոսքով հաճախ չեն խնայում։ Սակայն այն պահից, երբ կողմերից մեկը դիմում է բռնության, ահաբեկչության, կամ ոստիկականական ուժի անհամաչափ կիրառման, այն դուրս է դնում իրեն նույնիսկ այդ խաղի կանոններից, և դուռ է բացում ատելության ու շարունակական բռնության համար։ Մենք դա տեսել ենք անցյալում, տեսել ենք դրա դառը հետևանքները, և չենք ուզում այլևս այդպես շարունակել։

բ) Իշխանությունը լրացուցիչ պատասխանատվություն ունի այստեղ, քանի որ այն ոչ միայն քաղաքական մրցակցության կողմ է, այլև հանրության կողմից օժտված է բացառիկ իրավունքով և պատասխանատվությամբ՝ տնօրինել պետության ուժային ռեսուրսները, և տնօրինել դրանք ի բարօրություն նույն այդ պետության և հասարակության։ Երբ այն սկսում է օգտագործել այդ ռեսուրսները կամայական եղանակով, սեփական քաղաքական հակառակորդներին ահաբեկելու համար, վաղ թե ուշ հասարակությունը ըմբոստանալու է դրա դեմ, և զրկելու է նույն այդ իշխանությանը իր իսկ կողմից տրամադրած ուժային ռեսուրսներից։ Մենք դա էլ տեսել ենք մեր կյանքում տառացիորեն երկու տարի առաջ, այդ դասը պետք է բավարար լիներ, որ էլ ոչ մի իշխանություն Հայաստանում այլևս չփորձեր չարաշահել պետության ուժային ռեսուրսները։

գ) Մեզնից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական հայացքները, և կարող է կիսել կամ չկիսել երեկ բերման ենթարկված քաղաքական ակտիվիստների մոտեցումները։ Անձամբ ես իրենց շատ հայացքներ չեմ կիսում, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այդ հայացքները խաղաղ կերպով ներկայացնելու և իրենց քաղաքական նպատակները օրինական եղանակներով հետապնդելու իրավունքը՝ դա ոչ միայն իրենց, այլև մեր հասարակության իրավունքն է՝ ունենալ տարբեր տեսակետներ, տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից, ունենալ ընտրության հնարավորություն, և ի վերջո կատարել սեփական ընտրությունը գիտակից կերպով՝ սա է ժողովրդավարության ողջ իմաստը, և ոչ թե ժողովրդի անունից անընդհատ վերամբարձ խոսելը։

Այսքանով, ես իմ զորակցությունն եմ հայտնում երեկ բերման ենթարկված ակտիվիստներին, և կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկականական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը՝ Հայաստանում դրանք դատապարտված են, և ժողովրդական բողոքի ալիքի վրա եկած այս իշխանությունը առաջինը պետք է դա հասկանա։ Բոլորիդ ցանկանում եմ լավ օր, առանց նոր փորձությունների։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում