Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԲերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, նրա ներքին, արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

«Ես կարծում եմ, որ ուժայինների լռությունը պայմանավորված է իրենց գործողությունների՝ ապօրինի լինելու գիտակցմամբ: Եթե նախկինում ուժայիններն ինչ-որ գործողություն անելուց հետո մշտապես հայտարարում էին՝ որն է դրա պատճառը, ապա հիմա լռում են, որովհետև գիտակցում են, որ ապօրինություն է տեղի ունենում, գիտակցում են, որ ծառայում են մեկ մարդու կամքի»,– ասաց քաղաքագետը:

Վերջինս չբացառեց, որ ստիպված են լինելու հաճախ գալ Ոստիկանության տարածք, որովհետև ակնհայտ է, որ առանց որևէ լուրջ պատճառաբանության բերման են ենթարկում մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր կարծիք: «Այսինքն՝ սա մի «նոր» գործիքակազմ է: Եղել են նման բաներ, բայց տոնական օրը միանգամից կասկածներ ունենալ բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, կարծիքներ են հայտնում, համաձայնեք, որ տրամաբանական չէ»,– նշեց Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է կարծել նաև, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արված հայտարարության հետևանքն է, «Երբ Փաշինյանի գիտակցությունը մթագնեց, և Սորոսի հետ կապված հարցին ի պատասխան սկսեց սպառնալ, թե առաջինը սկսելու է այն մարդկանցից, որոնք սորոսական ցանցն են բացահայտում Հայաստանում և խոսում են նրանց հասցված վնասների մասին, այսօր կատարվածից առաջին տպավորությունն այն էր, որ Փաշինյանի՝ ջղայնության պահին ասված այդ հրահանգն է իրականացվում իրավապահների կողմից»,– պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, թե ցավալին այն է, որ երկրի ամբողջ իրավապահ համակարգը դառնում է այդպես մթագնած որոշումների զոհը, ծառայեցվում է նման որոշումներ ի կատար ածելուն:

Նա կարծիք հայտնեց, թե գործողության նպատակներից մեկն էլ այն է, որ Փաշինյանը ժողովրդի ուշադրությունը շեղի «գրիչի» պատմությունից. «Այդ խայտառակությունը, որի հետևանքով ինքը դարձել է համազգային ծաղրի առարկա, պետք է փորձի ինչ-որ կերպ մոռացնել տալ և օրակարգից երկրորդ պլան մղել, ինչը, իհարկե չի հաջողվելու»,-նշեց նա:

«Դժվար ասել՝ վարչապետի կողմից այս գործողության ուղիղ հրահանգ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց այն, որ սա նախապատրաստված էր, և որ այլ ձերբակալություններ էլ են նախապատրաստվում, կարծում եմ՝ ակնհայտ է Փաշինյանի և ուղիղ միացումներից, հայտարարություններից, և, ընդհանրապես, այն գնահատականներից, որոնք հնչում են իշխանական քաղաքական գործիչներից»,- ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում