Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան

Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

«Առաջին հերթին պետք է հասկանանք, որ ոստիկանութունն այս ամենի հետ կապ չունի, այս դեպքում այն ուղղակի իրականացնում է հրամաններ: Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն ուղղակի խայտառակվել է այդ «ճտիկով գրիչի» պատմությունից, և պետք է ինչ-որ կերպ հասարակության ուշադրությունը շեղել այդ գրիչից, դեպի այլ քննարկման առարկաներ»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ վարչապետը կարող էր թեման շեղել՝ միգուցե Արցախի հարցի մասին խոսելով, քանի որ շուտով ՀՀ արտգործնախարարը հանդիպելու է Ադրբեջանի պաշտոնակցին, և շատ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, բայց դիմեց այս քայլին:

«Իշխանությունները կրկին դիմում են շատ ստոր, նենգ քայլերի: Այսօրվա բեմականացված շոուն կշարունակվի, ես չեմ կարծում, որ սա մեկ քայլով է, սա երկու-երեք քայլով է, և մենք ականատես կլինենք այլ զարգացումների»,-նշեց Վարդանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօր կատարվածը ժողովրդի ուշադրությունը շեղելու միջոց է, բայց միանշանակ չի աշխատելու: «Մենք՝ բոլորս շատ մեծ համբերությամբ սպասում ենք, թե երբ է, ի վերջո, վարչապետը ներկայացնելու որևէ ապացույց այն մասին, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ի՞նչ նամակագրություն կամ հանդիպում է իր հետ ունեցել, որ այդպիսի վստահությամբ պնդում էր, թե Թովմասյանը փորձում էր նոր իշխանության հետ կապեր ստեղծել»,– ասաց Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում