Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան

Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ցավալի է, որ այսօր՝ Բանակի օրը, ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելուն:

«Ակնհայտ է, որ բերման ենթարկելը մարդուն անազատության մեջ պահելը՝ առավելևս չհիմնավորված, համարվում են լուրջ հանցագործություններ, և բոլոր անձիք, որոնք ենթարկվում են նման հրահանգների և կատարում են ապօրինություններ, մի օր պատասխան են տալու այս ամեն ինչի համար: Ես կարծում եմ, որ ողջամիտ իշխանությունը պետք է դասեր առած լինի առնվազն անցյալից, երբ իրենք հետևողականորեն պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, վարչական կալանավորների, նախկին իշխանությունների ոչ համաչափ գործողությունների դեմ, իրենք այսօր մի քանի անգամ ավելի վատ ձևով են փորձում դա անել»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր աջակցությունն է հայտնում հանուն ազատության, իրավունքների պաշտպանության համար պայքարող մարդկանց և բոլոր անձանց, որոնք չեն հանդուրժելու մեր երկրում հերթական ռեպրեսիաների շրջանը: «Եթե սա սկսում է նմանվել 37 թվին, ապա ներկա սերունդն էլ ականատես է լինում նման վայ իրավական վարքագծի»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակած լուսանկարին՝ որտեղ ըստ պատգամավորի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խոնարհվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ, իսկ հետո պարզաբանվեց, որ լուսանկարում Արծվիկ Մինասյանն է, նախկին նախարարն ասաց, որ իրենք դատական հայց են ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի:

«Նկարն անհաջող մի ստոպ կադրի արդյունք է և դա հետևանք էր մի երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Փաշինյանի միջև, իսկ երկխոսությունը հետևյալն էր, երբ երդման ավարտից ես հայտարարեցի` առաջ Աստված, նախագահն ասաց, որ շատ լավն էր և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասեց՝ այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք և որպեսզի ծիծաղը միջիցս չարտահայտվեր տեսախցիկների առաջ, գլուխս թեքեցի և ստացվեց անհաջող կադր: Եթե տեսանյութն ուշադիր նայեն, չկա այդտեղ ոչ մի նման վարքագիծ, ինչի մասին իրենց քաղաքական գործիչ համարող անձինք փորձեն մեկնաբանել: Ի վերջո, գլուխ խոնարհելը առաքինության նշան է, բայց, որպես կանոն, ես գլուխ եմ խոնարհում կամ հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում