Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան

Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արդեն հինգ հոգի բերման է ենթարկվել»,- ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ Նարեկ Մալյանից, Կոնստանտին Տեր-Նակալյանից և Արթուր Դանիելյանից բացի բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության անդամներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Վարդանյանը։

«Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Այսպիսի բիրտ ուժի կիրառման իմաստը ո՞րն է։ Բոլորին փակելով ինչ-որ հարց են ուզում լուծել։ Վերջին տեղեկատվական անհաջող փորձից հետո հասնել վերջին շրջանին՝ ռեպրեսիաներին, ուղղակի անիմաստ է»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանն ասաց, երբ «Էրեբունի պլազայում» անհայտ անձը զենքով մուտք էր գործել և մարդու էր պատանդ վերցրել, առանց ձեռնաշղթաների, առանց ասֆալտին պառկեցնելու նրան տանում, նստեցնում են ոստիկանապետի մեքենան, իսկ այստեղ, օրը ցերեկով շոու են կազմակերպում։

«Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա։ Ում կարողացել են վախեցնել, սրի տակով անցկացրել են։ Մնացել են մարդիկ, ովքեր իրենց գաղափարներն ունեն։ Սա հարց լուծելու ձև չի, սա ընդդիմության հետ վարվելու ձև չի։ Այսպես պետություն չեն պահում»,- նշեց Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում