Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատում է, որ «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել, նաև նշվում է, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,– ասվում է Ոստիկանության ֆեյսբուքյան հայտարարությունում:

Հիշեցնենք, որ քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։ «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:

Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում