Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, NEWS.am: «Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,- NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը:

«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին: Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»,-ասաց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե այդ հեռախոսազանգից հետո ինքը Թումանյան փողոցում հետևից գրկախառնության է արժանացել Հրայր Թովմասյանից, որը հարցրել է՝ «հիմա ամեն ինչ նորմա՞լ է», Արթուր Վանեցյանն ասաց, որ իր համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետևից գրկել են, առավել ևս՝ Հրայր Թովմասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում