Մարդ, ով լույս է ճառագում

Մարդ, ով լույս է ճառագում

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավն ահագնացող չափերի է հասել։ Թվում էր՝ նրա տունը խուզարկելու փաստն ապօրինությունների այն սահմանն էր, որից այն կողմ իշխանություններն այլևս չէին կարող անցնել։ Բայց վարչապետ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն. սկզբից Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ակնհայտ սուտ և հերյուրյանք տարածեց Թովմասյանի մասին, հետո էլ գրիչի հայտնի պատմությամբ լրացուցիչ անգամ ցույց տվեց, որ քաղաքական հետապնդումներ է իրականացնում Սահմանադրական դատարանի նախագահի և այլ դատավորների նկատմամբ։

Իհարկե, ցանկացած բանական մեկի համար պարզից էլ պարզ է, թե որն է ամենասովորական ֆարս հիշեցնող այս ներկայացման բուն դրդապատճառը. բարձրագույն քաղաքական իշխանությունները խնդիր են դրել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով և հնարավորինս սեղմ ժամկետներում ազատվել մի մարդուց, ում կողմից Հայաստանի նորանկախ պատմության այս բարդ ժամանակհատվածում դրսևորվող բացառիկ կամային հատկանիշներն ու իսկական հայրենասիրությունից բխող քաջությունը դարձել են այն ռուբիկոնը, որը Հայաստանը ներսից քայքայել փորձող ուժերին կտրել-անցնել այդպես էլ չի հաջողվում: Այս իմաստով Հրայր Թովմասյանը վաղուց դարձել է պետականության խորհդրանիշ այն անառիկ ամրոցը, որի վրա է խարսխվում պետությունն ու դրա սուվերենությունը: Թովմասյանն այսօր մաքառում ու անվրդով իր խաչն է կրում ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն ընդհանուրի, հանուն Հայաստանի Հանրապետության գոյության հետագա ընթացքի:

ՍԴ նախագահն այսօր դարձել է հայրենամետ մադկանց ներշնչման անսպառ աղբյուր: Սևերի ու սպիտակների բաժանված ու ծվեն-ծվեն լինող երկրում նա մարմնավորում է այն միասնությունն ու տոլերանտությունը, որ մշտապես բնորոշ է եղել հայ ժողովրդին, բայց, որոնք «նոր Հայաստանում» այլևս կորսված արժեք են համարվում: Այդ սիմվոլն է, որ հանգիստ չի տալիս, որ հոգեհան է անում Հայաստանն ամենաթողության գիրկը նետած ու օտար օրակարգ սպասարկող ուժերին: Նրանց պայքարը ոչ այնքան Հրայր Թովմասյանի անձի, որքան «Հրայր Թովմասյան» երևույթի ու նրանով խորհրդանշվող իսկական Հայաստանի դեմ է, այն Հայաստանի, որը վաղն է գալու, գալու է ու պատռելու բոլոր նրանց դիմակները, որոնց համար ամեն մարդկայինն ու իսկականը «հին» են, իսկ «նոր» են հռչակվում հայի տեսակի հետ ոչ մի աղերս չունեցող պսևդո արժեքները:

Ընդ որում՝ առանձնակի գովեստի ու ուշադրության է արժան այն կերպը, որով բնորոշվում է Հրայր Թովմասյանի ազգանվեր պայքարը. նա մարտի է նետվել բաց ճակատով, նա խավարին ձեռնոց է նետել միանգամայն բացահայտ կերպով, չի ճամարտակում ու կռվի է ելել իսկական ասպետին վայել կեցվածքով, այն հստակ գիտակցմամբ, որ կռիվ է տալիս մի ողջ երկրի հետագա գոյությունը հնարավոր դարձնելու, դրա պատմական ընթացքը կասեցված չտեսնելու համար: Նա, որպես իր երկրի քաջ զինվոր, մեն-մենակ այսօր կանգնած է խափուսիկ քողի ներքո հանդես եկող ազգակործան ուժերի առաջ՝ այն հստակ գիտակցմամբ, որ իր կողմից մղվող այս ճակատամատի ելքից է շատ իմաստներով կախված այն գոյութենական հարցի պատասխանը, թե արդյոք Հայաստանին կհաջողվի՞ հաղթահարել իր պատմության սև էջերից մեկը, թե՞ այն կդառնա վերջինը, և բազմաթիվ հայ քաջորդիների արյան գնով կերտված հայրենիքը կընկղմվի անէության մութ հորձանուտը պատահաբար կյանքի գագաթին հայտնված ու իրենց նոր կարգավիճակի ձեռքը կրակն ընկած «ընտրյալների» երեսից, որոնց՝ կառավարական կամբինետներում անցկացրած ամեն մի օրը փորձանք է բերում, մի նոր պատուհաս:

Նարինե ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում