Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում:

Հայոց Հովվապետը նշել է, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում