Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին

Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հայտարարությունը լուրջ չեմ ընդունել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը՝ որպես ապացույց առ այն, որ ՍԴ նախագահը փորձել է սիրաշահել իրեն:

«Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել, որպեսզի մեկնաբանություններ անեմ դրա վերաբերյալ: Ես կարող եմ քաղաքական գործընթացների շուրջ մեկնաբանություններ անել, բայց այստեղ քաղաքական գործընթաց չկա ինձ համար», – ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, մինչդեռ ինքը հրաժարվել է՝ խոստանալով հրապարակել ապացույց: Որպես ապացույց՝ Փաշինյանը հրապարակել էր Թովմասյանի գրիչի նկարը՝ ընդգծելով, որ թանկարժեք գրիչը Թովմասյանը նվիրել է իրեն՝ փորձելով քծնել ու շողոքորթել:

Դրանից հետո Հրայր Թովմասյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին պատրաստել հայցադիմում իրեն զրպատելու համար դատարան դիմելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում