AM | RU
USD
EUR
RUB

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Վրթանես Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշել է, որ Հայ Եկեղեցու ծոցում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է, և այդ համոզումն է, որ օրըստօրե քարոզում ու իրենց հոգևոր խնամքին հանձնված զինվորականներին են ջամբում Հայոց բանակում սպասավորող գնդերեցները։

«Հայրենիքն ու պետականությունն աստվածատուր պարգևներ են, ուստի և արժանի ամենօրյա անսակարկ սիրո ու հոգածության, իսկ մեզ՝ հայերիս համար, ևս առավել։ ․․․Հայրենիքը մեր մեծագույն գանձն է, ուստի այստեղ պիտի լինեն նաև մեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի՝ «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ․ Զ 21)։

«Բաներ կան, որ հավիտենական պաշտելի են՝ Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խավարած չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել»,- ասում է մեծն Նժդեհը։ Բոլորանվեր ու անձը տալու պատրաստակամությամբ արտահայտվող ճշմարիտ սերը, Սերն ինքնին, տեսնում ու սովորում ենք մեր Տիրոջից (Հովհ․ ԺԵ 13)։ «Սիրո հացի համար խմո՛ր եղեք»,- կոչ է անում անվանի հայ բանաստեղծ Վահան Թեքեյանը։ Այս սերն է, որ քարոզվում է մեր եկեղեցիների խորաններից, որ սովորեցնում ենք մեր զավակներին և որ միախառնվելով հավատին՝ վերածվում է նվիրյալ ծառայության՝ անկախ այդ ծառայության ոլորտից։ Մեր սերնդակիցների անօրինակ ծառայությունն ու նվիրումն է, որ ծնունդ տվեցին հայոց նորօրյա պետականությանն ու բանակին, իսկ այսօրվա զինվորների ու սպաների դարձյալ նվիրյալ ծառայության շնորհիվ հարատևում է քրիստոնյա աշխարհի արևելյան սահման մեր սիրասուն երկիրը։ Այսօր հիշում և գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առաջ, որ իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, նաև այն կանանց ու տղամարդկանց, որ իրենց երիտասարդությունն ու ավյունն են տվել աստվածահաճո այս առաքելությանը և այսօր կոչվել են վաստակած հանգստի»,- ասել է Վրթանես եպիսկոպոսը՝ հավելելով, որ առաջընթացի համար պետք է լցվել հավատով ու սիրով և բռնել Աստվածորդու ձեռքը, որովհետև Քրիստոսով վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն:

Վերջում շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման 28 տարեդարձի կապակցությամբ՝ Վրթանես Սրբազանը մաղթել է, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի Հայոց բանակը՝ հայ ժողովրդի անկախ պետության հարատևության գրավականը, և յուրաքանչյուր զինվորականի՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, առաջնորդի անսասան հավատով և Տիրոջ կամքը գործադրելու ձգտումով:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ի.գ.թ. Գաբրիել Բալայանին, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական գնդապետ Աշոտ Բալասանյանին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության բարերար տիար Արամ Ֆրանկյանին:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ և մեկ աշխարհական արժանացել են նախարարության պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Զինվորի Աստվածաշունչը» ծրագրի պատասխանատու տիար Մովսես Գաբուջյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց գնդերեցներ բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանին, Նարեկ սարկավագ Թորգոմյանին և Հարություն սարկավագ Մարտիրոսյանին:

Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցելով ներկաներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ, գոհունակությամբ արձանագրել է, որ նվիրական այս տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք բարձրացվեց առ Աստված Հայրենիքի շենացման, հայ ժողովրդի բարօր կյանքի և Հայոց բանակի անսասանության համար:

«Դուք՝ բոլորդ, լավ գիտեք, թե հավատքն ու աղոթքն ինչպիսի հրաշագործ զորություն ունեն: Ահա, թե ինչի համար, սիրելիներ, մենք կարևոր ենք նկատում, որպեսզի մեր Հայոց բանակի զինվորներն ու հրամանատարներն աղոթքի կանգնեն մեր ժողովրդի և հայ հոգևորականների հետ միասին, որովհետև այդ միասնական աղոթքը երկինք պիտի բարձրանա և ընդունելի պիտի լինի Աստծո կողմից, և երկնքից խաղաղության շնորհները, հաղթության շնորհներն առատորեն պիտի հեղվեն մեր կյանքից ներս»,- ասել է Հայոց Հովվապետը:

Նորին Սրբությունը նաև հաստատել է, որ հայ հոգևորականը պատմության ընթացքում մշտապես եղել է իր զինվորի ու զորավարի կողքին թե՛ խաղաղ կյանքի պայմաններում և թե՛ պատերազմական իրավիճակներում: Փառք հայտնելով Տիրոջը Հայոց բանակում հոգևորականների՝ որպես գնդերեցների զինվորների կողքին ծառայության համար՝ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ հայ եկեղեցականներն ունեն հայրենիքի զինվորը լինելու և խաչը սրով փոխարինելու գիտակցությունը:

Միջոցառմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀՀ ՊՆ նախարարին և բանակի բոլոր զորահրամանատարներին հանուն հայրենիքի նվիրյալ ծառայության և Հայոց բանակում սպասավորող հայ հոգևորականների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ, ուշադիր վերաբերմունքի ու զորակցության համար: Վեհափառ Հայրապետը նաև իր շնորհավորանքներն է հղել պարգևատրված զինվորականներին՝ մաղթելով նրանց ապրել ապահով և անվտանգ կյանքով, հույսով և լավատեսությամբ շարունակել իրենց ծառայությունը, որով պիտի կարողանան կերտել հզոր և շեն հայրենիք:

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Բարձրյալ Աստված մշտապես օգնական լինի Հայոց բանակին, պահի-պահպանի այն սիրո մեջ և իր հաղթական Աջի ներքո:

 

Լրահոս
Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Ռուսաստանը տասնյակ նոր Սու-34 գերձայնային կործանիչ ռմբակոծիչներ կստանա Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է բացառապես Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունների հե՞տ Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Վարչապետ Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ. Տեսանյութ Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Բացառիկ տեսանյութ․«Մարտի 1»-ի ժամանակ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. ուղիղ Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ Պուտինը խոսել է իր աշխատավարձից Լավրովը պատմել է Թուրքիայի հետ բանակցություններում Ռուսաստանի ծրագրերի մասին Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք Շատ դժվար. Վլադիմիր Պուտինի անկեղծ պատասխանը՝ դժվար հարցին Մարզպետները խախտումնե՞ր են թույլ տալիս քարոզարշավի ընթացքում ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին Բակո Սահակյանը Մարտունիում խորհրդակցություն է հրավիրել Հալեպի օդանավակայանը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել (տեսանյութ) «Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը ՊՆ ռազմական ոստիկանության պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հայաստանը Տաջիկստանից ավելի վատ վիճակում է. տնտեսագետ ԱԱԾ նոր բացահայտումը Ջորջ Սորոսին սկսել է խանգարե՞լ Facebook-ը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ. Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Նիկոլ Փաշինյանը խոսում է երթեւեկության բալային համակարգի մասին. ՈՒՂԻՂ Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը Նախագահը ստացել է ՊՆ պաշտոնյաների պաշտոնանկության առաջարկություններ Աքորի համայնքում 165 գլուխ խոզ է անկել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ Նորք Մարաշի ղեկավարը՝ Նոր Նորքի ղեկավար Ռուսաստանը նախատեսում է նախկին նախագահներին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալ ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Լեռնային Ղարաբաղ՝ ընտրություններին հետևելու Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ Երևանում և 5 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan