Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ

Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով չինական Paper պարբերականին:

Մահացած բժիշկը 62-ամյա քիթկոկորդականջաբան Լյան Ուդունն է եղել:

Լյան Ուդունը աշխատում էր Ուհան քաղաքի Չինական ու եվրոպական բժշկության հիվադանոցի քիթկոկորդականջաբանության բաժնում: Հունվարի 16-ին նրա մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի ախտանիշներ, հունվարի 18-ին նրան տեղափոխել են «Ցզինինտյան» հիվանդանոց, որտեղ չնայած գործընկերների բոլոր ջանքերին, նա մահացել է հունվարի 25-ին տեղի ժամանակով 07:00-ի մոտակայքում:

Ավելի վաղ չինական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ վարակված բուժաշխատողների թիվը շատ ավելի է, քան նշված է պաշտոնական տվյալներում: Աղբյուրներից մեկի տվյալներով «Ուհանի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցներում վարակված բուժաշխատողներ կան, և նրանց թիվը 15-ից ավելի է»:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում և Ֆրանսիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում