«168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը

«168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը

«Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։

«Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի շարք կարևորագույն հետևանքների, և դրանցից կարևորագույնն այն է, որ… պետությունը վերացավ։

Պետության հիմնական ֆունկցիան հենց այդ «կարմիր գծերը» գծելն ու պահպանելն է, այն աղտոտելով ու վերացնելով՝ Նիկոլը վերացնում է պետականության բոլոր ֆունկցիաներն ու չափանիշերը։

Ի դեպ, դրա մեկ այլ ապացույց էր «գառների լռությունը» երեկ խորհրդարանում, որը բազմաթիվ «կարևորագույն» խնդիրներ էր քննարկում, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ շռնդալից փորձում էր ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, սակայն այդ թոհուբոհում չնկատեցին իրենց մահը։

Միաժամանակ, այնպես չէ, որ «կարմիր գիծ» տրորելը կարող է լինել միայն Նիկոլի մենաշնորհը, որ, եթե այն վերանում է, ապա վերանում է նաև իր հանդեպ։ Այլև ցանկացած գործողություն նրա հանդեպ, ցանկացած բացահայտում դառնում է նույնքան բարոյական, նույնքան օրինական և նույնքան քաղաքական, որքան իր գործողություններն են, քանի որ հայտնի է՝ որ կշեռքով դու կշռես, նույնով էլ քեզ են կշռելու։

Մինչև այս քայլը Նիկոլի հետ անհամաձայնները փորձում էին մնալ իրավունքի և բարոյականության շրջանակներում, մինչդեռ այժմ, իր իսկ քայլերով՝ Նիկոլը ազատում է նրանց ձեռքերը, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը կոչ է անում ԱԱԾ նախկին պետին այլևս չլռել։

Մյուս կարևոր գործոնն այն է, որ ակամա Հրայր Թովմասյանը դառնում է ընդդիմության առաջնորդ։ Նա ցուցաբերեց պետականության նկատմամբ առավելագույն հոգատարություն, ամենաբարձր կամային ու բարոյական հատկանիշներ, և դրանով շատ թավշյա ու սահուն կերպով դարձավ այն ֆոկուսը, որի շուրջ կարող են համախմբվել Հայաստանի քաղաքացիները, ովքեր դեմ են իրենց երկրի կորստին։ Ի դեպ, իր այս դերի մեջ Հրայր Թովմասյանն արդեն իսկ արեց առաջին քայլը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին այլևս չլռել։

Նիկոլն իր կառավարման ընթացքում անընդհատ ընդդիմություն էր փնտրում, ու վերջապես կկարողանա ծեփել պատերին ու պառկեցնել ասֆալտին, և ահա հերթական անգամ նա ստեղծեց իր ընդդիմության ֆոկուսը (թերևս, կառավարման ընթացքում միակ հաջող քայլն է)։ Եթե անգամ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում ունենա, քան պետություն ղեկավարելն է, միևնույն է, նա է դառնում ընդդիմությանը միավորող ու ստեղծող քաղաքական փարոսը։

Եվ մի կարևոր հարց, որ հասարակությանը կրկին հիշեցրեց Հրայր Թովմասյանը․ ինչո՞ւ է Նիկոլը շտապում, ի՞նչ «դեդլայններ» (վերջնաժամկետներ) ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած անօրինականության, անգամ՝ պետականության զոհաբերմանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում