ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան

ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշումից զատ պետք է ունենային նաև Սահմանադրական դատարանի համապատասխան ակտը, որովհետև Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության կարգավորումների ժամանակահատվածում: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ կատարվող գործողություններն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն և քաղաքական հետապնդման տարրեր են պարունակում:

«Ես դադարել եմ զարմանալ իշխանության հակաօրինական և հակաիրավական գործողություններից: Օր-օրի նրանք ապացուցում են այդ և ՍԴ-ի գործող կազմից ազատվելու վերաբերյալ գործողությունների հաջորդականությունը չեն դադարում»,- ասաց Հայրապետյանը:

Իրավաբանի խոսքով՝ այն գործողությունները, որոնք իրականցվում են ՍԴ դատավորների դեմ՝ օրինական կաշառքի նախագծից մինչև անդամների արտաամուսնական կապերի մասին մտացածին հայտարարություններ, ամբողջը գտնվում է գործող օրենսդրության և առհասարակ իրավական պետության շրջանակից ու գաղափարից դուրս:

«ՍԴ գործող կազմից ազատվելը քաղաքական իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է, քանի որ ՍԴ քննության առարկա են դառնում բազմաթիվ հարցեր, որոնք գործող իշխանության քաղաքական օրակարգում են, և ունենալ անկախ ՍԴ՝ իշխանությանը ձեռնտու չէ: Նրանք ցանկանում են ունենալ ՍԴ, որը կկայացնի որոշումներ, որոնք բխում են ոչ թե Սահմանադրությունից, այլև գործող իշխանության քաղաքական կամքից, իսկ ՍԴ այս կազմը, բացառությամբ Վահե Գրիգորյանից, պայքարում է իրավական պետության հիմքերն անսասան պահելու համար»,– ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում