Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ես երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր էլ խուզարկություն է իրականացվել տանը, այս ընթացքում իմ խնդրանքը, միջնորդությունը եղել է մեկը, որ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվի»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ նշելով, որ իր համար շատ կարևոր է այդ գործի նկատմամբ հանրային վերահսկողությունը։

«Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։ Իրոք ցավ եմ ապրում դրա համար, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց վարվեց և այլն, և այլն, չի լինելու։

Եվ իմ միջնոդրությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունն ու բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի՝ ձեռնպահ մնալը, և մեր միջնորդությունները մերժելը, որ գործողությունները չտեսաձայնագրվեն»,-ասաց նա։

ՍԴ նախագահն ասաց, այդ գործողությունների իրավական կողմին չի անդրադառնա՝ դա կթողնի իր փաստաբանական խմբին։

«Բայց ցավոք սրտի, այն ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանդրական դատարանի շուրջ գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են, օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում