Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան

Նման գործողությունները վախեցնելու շարժառիթով են պայմանավորված. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Սա համարում եմ անընդունելի և ապօրինի, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան խուզարկությանը:

«Այն բոլոր դեպքերում, երբ կա հոդվածք, քրեական գործ, բոլոր գործողությունները նույնպես պետք է իրավաչափ լինեն: Ի՞նչ եք կարծում քրեական գործ հարուցելու փաստը թույլտվություն է կատարելու ցանկացած ապօրինություն: Դատարանի որոշմանը ժամանակի ընթացքում, վստահ եմ, որ տրվելու է քրեաիրավական գնահատական, վստահ եմ, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել», – ասաց իրավապաշտպանը:

Մելիքյանն ընդգծեց՝ առնվազն երեք պատճառ կա, որոնց համաձայն նման գործողություններ չէին կարող իրականացնել: Առաջինն, ըստ Մելիքյանի, այն հանգամանք է, որ ՍԴ նախագահին այնպիսի մեղադրանք չի առաջադրվել, որը թույլ կտար բնակարանում հանցանշաններ փնտրել, երկրորդը՝ Թովմասանին առաջադրված մեղադրանքից մեկ ամիս է անցել և քննչական տակտիկայի տեսանկյունից տրամաբանական չէ մտածել, որ բնակարանում կարող էր ինչ-որ բան հայտանաբերվել:

«Երրորդ՝ մենք գործ ունենք ՍԴ գործող նախագահի հետ և դատարանը թույլ է տվել այս գործողությունը կատարել՝ հնարավոր է այնպիսի պայմաններում, երբ մեկ այլ դատարան մերժել է», – ասաց Մելիքյանը:

Նա ընդգծեց՝ կան հիքմեր գնահատական տալու, որ սա քաղաքական հետապնդում է:

«Նման գործողությունները վախեցնելու, ռեպրեսիաների տպավորություն ստեղծելու շարժառիթով են պայմանավորված», – ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում