Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի

Հրայր Թովմասյանը միջնորդել է, որ իր տան խուզարկությունը տեսաձայնագրվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Բոլորի համար ակնհայտ է, որ այս գործի շրջանակներում պարոն Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը:

«Կիրառվում է քաղաքական հետապնդում և տարբեր ռեպրեսիվ մեթոդներ: Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է, չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել: Քննիչը հասարակ խուզարկությունը սկսում ու իրականացնում է խախտումներով»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ խուզարկությունը տեղի է ունեցել մինչ դատարանի համապատասխան որոշման հետ իրենց ծանոթանալը:

Պողոսյանը հայտնեց, որ ներկա են եղել ոստիկանության աշխատակիցներ. «Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, թե ինչ իրավունքով են նրանք կատարում խուզարկությունը: Դատարանը համապատասխան թույլատվությունը տվել էր մարդկանց որոշակի խմբի, ոչ թե պատահական ոստիկանի: Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց մեզ ու սկսեց, մեր գնահատմամբ, իր անօրինական գործողությունները»:

Պաշտպանը նաև հայտնեց, որ իրենք այս պրոցեսին գոնե ինչ-որ պահով օրինականություն հաղորդելու համար միջնորդել են տեսաձայնագրել ամբողջ պրոցեսը, որպեզի երևա, թե ով ինչ գործողություն է կատարում. «Քննիչը հայեցողական ու բանավոր կարգով մեր միջնորդությունը մերժել է, քանի որ անօրինականություն է կատարում: Սակայն արդեն իր նախընտրությամբ, խախտելով պարոն Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանկարներ էր անում բնակարանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում