Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քնննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում