Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը

Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հոլոքոստը Ռուսաստանի և Իսրայելի ընդհանուր ողբերգությունն է` նշելով, որ Հոլոքոստի հետևանքով զոհված հրեաների 40%-ը Խորհրդային Միությունից էին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Ինչ վերաբերում է Հոլոքոստի ողբերգությանը, սպանված և տանջված հրեաների 40%-ը Խորհրդային Միությունից էին»,– ասել է Պուտինն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ նախագահը հավելել է, որ սա բառի բուն իմաստով երկու երկրների ողբերգությունն է, և շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահին` Երուսաղեմում լինելու հնարավորության համար:

Նա նշել է, որ հակասեմականությունն ավարտվում է Օսվենցիմով, այդ իսկ պատճառով հետագայում պետք է պայքարել այլատյացության ցանկացած դրսևորման դեմ` անկախ նրանից, թե ում կողմից կլինի այդ դրսևորումը:

ՌԴ նախագահը Իսրայել է ժամանել հունվարի 23-ին` «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ` այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում