Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ

Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ նյութ:

Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։

Եթե նշված հրապարակումը ոչ թե չարամտության դրսևորում է, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն ուղղված քայլ, այլ պարզապես թյուրիմացություն, ապա խելամտության պահանջն է, որ նշված նյութի հեղինակը հերքի իր իսկ տարածած զրպարտությունն ու ապատեղեկատվությունը առանց դատական գործընթացի։

Ներկայացնում ենք նաև հերքման տեքստն ու լրատվության միջոցին ուղղված գրությունը։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ

Լուսինե Սահակյան

Արամազդ Կիվիրյան

 

«ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

(հասցե` ՀՀ, ք.Երևան, Իսրայելյան 37)

ԱՐԹՈՒՐ ԳԱԳԻԿԻ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ ԵՎ ԱՐԱՄԱԶԴ ԿԻՎԻՐՅԱՆԻՑ

(հասցե` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 5, գրասենյակ 20)

Դ Ի Մ Ո Ւ Մ

(հերքում տարածելու պահանջի վերաբերյալ)

12.01.2020թ. www.armtimes.com կայքում (հղումը՝ http://www.armtimes.com /hy/article/177841?fbclid=IwAR0ZoR9H3kOXSHI0oTsvOewv9svVuddv9UT3dc-JBL60sbUcRoGxcyKkSIY) հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ նյութը:

Նշված հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն հանդիսացող արտահայտություններ։

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը (մաս 1-ին):

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին (մաս 2-րդ):

Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է (մաս 3-րդ):

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով (մաս 9-րդ):

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք, սույն դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.armtimes.com կայքում հրապարակել սույն դիմումին կից ներկայացվող հերքման տեքստն ամբողջությամբ, առանց փոփոխության, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան։

Կից ներկայացվում են՝ հերքման տեքստը, լիազորագրերը, ինչպես նաև փաստաբանական գործունեության թիվ 999 և 800 արտոնագրերի պատճենները։

Ա.Վանեցյանի ներկայացուցիչներ՝

Լ.Սահակյան

Ա.Կիվիրյան

21 հունվարի 2020թ.

 

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ

12.01.2020թ. www.armtimes .com կայքում (հղումը՝ http://www.armtimes. com/hy/article/177841?fbclid=IwAR0ZoR9H3kOXSHI0oTsvOewv9svVuddv9UT3dc-JBL60sbUcRoGxcyKkSIY) լույս է տեսել հետևյալ վերնագրով անստորագիր հրապարակում. «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը»:

Հրապարակական մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող, արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ։

Սույնով, ամբողջությամբ հերքում ենք հոդվածում տեղ գտած հրապարակումը և հայտնում, որ դրանում ներկայացված հանգամանքները, մասնավորապես պարոն Արթուր Վանեցյանին վերաբերող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ առկա չեն փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը (եթե իհարկե նման արշավ ընդհանրապես իրականացվում է), համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Չկան նաև հիմքեր մտածելու, որ ենթադրյալ հակաքարոզչությունը վճարվում է Վանեցյանի կողմից:

Հրապարակման մեջ պայմանականորեն նշված քաղաքագետ.օռգ-ը, Ա.Վանեցյանի հետ որևէ առնչություն չունի և այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը սկսել է համագործակցել նշված կայքի հետ դեռ 2018 թվականի վերջին որևէ աղերս չունի իրականության հետ և չի համապատասխանում իրականությանը: Չի համապատասխանում իրականության նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ կայքի խմբագրի և Ա.Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյանը, կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր վաղուց լուրեր կան, թե դեռևս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին Ա.Վանեցյանը եղել է Վստրեչի Ապերի հովանավորության ներքո և որ այս անգամ Արամ Վարդանյանը թերևս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն է ունեցել Արամ Վարդանյանի, վերջինիս կողմից ձերբակալվելուց ենթադրյալ խուսափելու, ինչպես նաև Արամ Վարդանյանի նկատմամբ դատարանների կողմից խափանման միջոց չկիրառելու հետ։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ նախ Ա.Վանեցյանը որևէ գործարքի մեջ է գտնվում, այսպես կոչված, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ, ինչպես նաև այն, որ կայքն անցել է Ա.Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ և դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչություն իրականացնելու համար, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի անդամների:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Վահագն Բոյաջյանը, հանդիսանում է Ա.Վանեցյանի PR մենեջերը և որ վերջինս ծառայություն է մատուցում Ա.Վանեցյանին, ինչպես նաև կատարված այն ենթադրությունը, որ ծառայությունները մատուցվում են Ա.Վանեցյանի կողմից Բոյաջյանին անվանական զենք նվիրելու դիմաց և որ վերջինիս Ա.Վանեցյանը անվանական զենք է նվիրել։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր և որ այս ամենը, սակայն, լոկալ գործընթաց չէ և կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Ա.Վանեցյանի կարիերայի համար և որ դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի կապը` ընթացիկ հարցերով:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը Ա.Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը և որ մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի և Արա Սաղաթելյանի մասնակցությամբ, այդ թվում հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անելու միջոցով:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն ունի Փաշինյանի հոգեկան շեղումների վերաբերյալ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածելու հետ, համաձայն որոնց Փաշինյանի հոգեկան հիվանդությամբ պայմանավորված նրա վարած քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելու և 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում և որ Ա.Վանեցյանն ունեցել է որևէ պլան այդ լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերի, Արա Սաղաթելյանի, Միշիկի ու Վահագն Բոյաջյանի հետ շարունակում են ինչ-որ «միսիայի» իրականացում:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանի պաշտոնից ազատվելու դիմումի տեքստը գրել է Արա Սաղաթելյանը:

Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում