Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել են հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցին։

«Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագյիթյան եղեռնագործության իրականացման մեջ», – ասել է ԱԳՆ խոսնակը:

Ադրբեջանական կողմը, Աննա Նաղդալյանի խոսքով, բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը:

«Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի», – ընդգծել է Նաղդալյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում