Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը

Այսօր շուրջ 200 անասնաբույծներ մոտ մեկ ժամ փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

«Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»:

Համայնքապետը նշեց, որ երեկ կառավարությունում ներկա է եղել սպանդանոցների հարցով քննարկման: Նրա խոսքով՝ բոլոր ն էլ կողմ են, որ անասունների մորթն իրականացվի սպանդանոցներում, բայց մինչ այդ անհրաժեշտ է պայմաններ ապահովել:

Մելքոնյանը չբացառեց, որ անասնաբույծների համար ոչ ձեռնտու որոշման դեպքում ակցիան կվերսկսվի:

Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման՝ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պետք է լինի պարտադիր: Որոշումը դժգոհություններ է առաջացրել անասնաբույծների շրջանում, որոնք պնդում են, թե կառավարությունն այդ որոշումը կայացրել է՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու:

Նրանք վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացրին կառավարության շենքի մոտ, որոնց հաջորդեցին մարզերում միջպետական ճանապարհների փակումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում