Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով

Ռուստամ Բադասյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Մալյանի դատարանը վերադարձրել է՝ թերի լինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:

Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

«ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանս, ուսումնասիրելով Ռուստամ Վարդանի Բադասյանի ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը,պարզել է, որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Հայցադիմումում թույլ տրված թերությունները կարող են վերացվել և դատարանին ներկայացվել եռօրյա ժամկետում»,- ասված է տեղեկատվական համակարգում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում