Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, նշանակում է տվյալ դեպքում որոշ անձանց, այդ թվում դատարանին, անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած՝ «երևի այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այնքան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված:

Լ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Մ. Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխել հարազատների միջոցների հաշվին հետագա ստուգում, բուժում անցնելու համար, այսինքն բուժվի այն հիվանդանոցում, որտեղ նախկինում բուժվել է:

«Դատախազության կողմից, իմ կարծիքով վերացական դատողության հիմքով, առարկվեց: Բանականաբար, եթե դատախազությունն առարկում է, ապա դատարանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրովի արդարադատություն է իրականացնում, մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, այդ հիվանդանոցում ավելի ինտենսիվ բուժման եղանակ կա, սակայն թույլ չտվեցին, որպեսզի Մ. Գրիգորյանը գնա, բուժվի ու արժանապատիվ ներկայանա արդարադատությանը:

Փաստաբանը չբացառեց, որ առաջիկա օրերին դիմի վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական տա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք, պաշտպանների կարծիքով, տեղի են ունեցել ու ունենում լիազոր մարմինների կողմից:

«Հանրության մեջ գցվեց այն զազրելի արարքը, որ իբր կատարել է իմ պաշտպանյալը, ու այդ ցուցանիշն ապահովելու համար, բնականաբար, պետք է դատարանն ամեն ինչ անի, իսկ արդար դատաքննության ընթացքում, իմ համոզմամբ, ուղղակի փլուզվելու է այդ մեղադրանքը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

 Տեսնայութը՝ Tert.am-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում