ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք շարունակում են մնալ այն դիրքորոշմանը, որ ներկայացված կարգավորումները իրավական անորոշությամբ են պատված։

«Կտեսնեք, որ իրավակիրառ պրակտիկայում առաջանալու են խնդիրներ և կրկին կառավարությունը վերադառնալու է այս ամբիոն և փոփոխել այդ օրենսդրական դրույթները՝ այն տարբերակով, որ մենք ենք առաջարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք չեն կարող կողմ լինել այս փաթեթին, ուստի ձեռնպահ են քվեարկելու:

Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագծերը, ասաց, որ նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Նախարարի խոսքով՝ քննարկման արդյունքում առաջարկվել է պարզեցնել հասկացությունները, ուստի հաշվի առնելով քննադատությունները քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հասկացության մեջ ներառել են հանրամատչելի՝ «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները:

Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ապա այդտեղ, ըստ Ռուստամ Բադասյանի, ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում