Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները

Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանը դիմել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային` խնդրելով հատկացնել սարքեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ներբեռնել ուկրաինական կործանված մարդատար օդանավի սև արկղերում պարունակվող տեղեկությունները: Այս քայլը նորից կարող է առաջ բերել միջազգային համայնքի մոտ տարակուսանք այն մասին, թե ինչու է Թեհրանը դժկամություն ցուցաբերում ձայնագրություններն արտասահմանյան փորձագետներին հանձնելու հարցում:

Կանադան, որը կործանված օդանավում կորցրել է իր 57 քաղաքացիներին, հայտարարել է, որ սև արկղերի տվյալներով պիտի զբաղվի Ֆրանսիան, քանի որ Ֆրանսիան այն մի քանի պետություններից է, որն ունի այդ տվյալները վերծանելու կարողություն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Սակայն Իրանը մինչ այժմ այս հարցով չի տվել սպառիչ ու վերջնական պատասխան: Այն արդեն երկար ժամանակ է գտնվում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների մթնոլորտում: Իր միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածության պատճառով էր, որ այս ամսվա սկզբին իրականացվեցին օդային գրոհներ ընդդեմ ամերիկյան ռազմաբազաների, ինչին նախորդել էր անօդաչու թռչող սարքով Իրանի գեներալներից Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Գեներալի սպանությունից հետո էր, որ Իրանը սխալմամբ հարվածեց ուկրաինական մարդատար օդանավին:

Իրանը երկար տարիներ է գտնվում ամերիկյան պատժամիջոցների ներքո, ինչը կրճատում է նոր օդանավեր ու այլ սարքաովորումներ գնելու այս երկրի հնարավորությունները: Այդ պատճառով է Իրանն այսօր տեխնիկական սարքավորումներ խնդրում Ֆրանսիայից: Իրանը հաղորդում է, որ սարքավորումներ ստանալու իր դիմումը դեռևս պատասխան չի ստացել ոչ ԱՄՆ-ից և ոչ էլ Ֆրանսիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում