2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Կարծում եմ՝ գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով: Գործող սակագինը 139 դրամ է մեկ խորանարդի դիմաց՝ մինչև 10 հազար խմ գազի սպառման դեպքում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ 1000 խմ գազի արժեքը 15 դոլար իջեցումից և 2019 թ. հունվարի 1-ից սահմանին արժեքը 15 դոլարով բարձրացնելուց հետո գազ մատակարարողը սակագինը շահույթի և ներդրումների հաշվին 30 դոլարով նվազեցրել է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է հայտ ներկայացնի՝ վերականգնելու այս 30 դոլար ծախսը: Բնակչության համար կարծում եմ, որ սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով»,– ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ 2019թ. վերջին հայտնի դարձավ, որ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը սահմանին կմնա նույնը, ինչ 2019թ.: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը 2019 թ. հունվարի 1-ից սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ: Օրերս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էին, որ սպառողների համար գազի սակագնի վերանայման մասին:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ գազի գնի բարձրացումը կունենա շղթայական ազդեցություն: Առաջին հերթին կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ էլէներգիայի մոտ 30 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երում:

«Բնական գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացումները ուղղակիորեն կազդեն ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների գների վրա: Սա կբերի գնաճի: Պատահական չէ, որ կառավարությունը 2020թ. բյուջեով նախատեսում է 4.5 տոկոս գնաճ՝ 2019թ. համեմատ մոտ 2 անգամ ավելի»,- նկատեց նա:

Ըստ նրա՝ բնակչությունը զգալի կորուստներ կունենա ոչ միայն ուղղակի գազի գնի բարձրացումից, այլև դրա հետևանքով թանկացած ապրանքներ և ծառայություններ գնելիս, չնայած կառավարության կողմից թոշակի, աշխատավարձի բարձրացման, եկամտահարկի համահարթեցման որոշումներին:

«Սրանք ի չիք կդառնան: Կստացվի, որ քաղաքացին 2019թ. իր նույն եկամուտով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք կբերեր, քան 2020թ. իր արդեն բարձրացած եկամուտով, քանի որ ապրանքների գները կբարձրանան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի զգալի կլինի»,- ասաց Սուրեն Պարսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր բարձրացմանը, ասել էր, որ գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. «Մենք միշտ ունեցել ենք այդ պրոցեսը, այստեղ ամենակարևորը հետևել, որ գործընթացը լինի հիմնավորված և թափանցիկ»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս նմանատիպ հայտարարություն էր արել. «Որևէ էքստրեմալ խնդիր չկա»,- ասել էր նա:

Սուրեն Պարսյանը իշխանության ներկայացուցիչների լավատեսական գնահատականները պայմանավորում է վերջիններիս անձնական եկամուտների կտրուկ աճով. «Կարծում եմ՝ իշխանական պատգամավորը, փոխվարչապետն իրենց տեսանկյունից են նայում հարցին: Երբ որ մեր ազգաբնակչության եկամուտներն էլ, ինչպես իրենց եկամուտները, 100 տոկոսով կամ 150 տոկոսով աճեին, նրանք մեծ ողբերգություն չէին ունենա գազի գնի բարձրացման հետևանքով: Պետք է հասկանալ, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում և ՀՀ-ում կան աշխատող աղքատներ, մեր աշխատողների մոտ 25 տոկոսն աղքատ են: Նման սոցիալապես խոցելի խմբերի համար 1 դրամի բարձրացումն էլ շատ զգայուն կլինի»:

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության և «Գազպրոմի» միջև 1.5 տարվա բանակցությունների ընթացքում գործադիրը չկարողացավ գտնել այն խնայողությունները, ֆինանսական մուտքերը, որոնք թույլ կտային 2019 թ. հունվարի 1-ից սահմանին բարձրացված 15 դոլարը փոխհատուցել:

«Սա տեղի չունեցավ, քանի որ կառավարությունն ուղղակի սպասում էր սակագնի փոփոխություն, որևէ քայլ չէր իրականացնում: Հայտարարվեց, որ երկարաժամկետ բանակցություններ են իրականացնում գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ, բայց ստացվեց այնպես, որ բանակցությունները սահմանափակվեցին մեկ տարով՝ 2020թ. սահմանին գազի գինը կլինի 165 դոլար, ինչպես 2019 թ.»,- ասաց նա:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» հայտնել էին, որ 2019թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինանսական ողջ բեռը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա է, ՀՀ կառավարությունը սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: Այս ամենն իրականացվել է ներդրումների կրճատման, կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման հաշվին:

«Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» պետք է արդիականացներ համակարգը, այդ գումարը չի ծախսել, վճարել է այդ 15 դոլարը: Կամ ենթադրենք, պետք է վերանորոգեր խողովակը, չի վերանորոգել, դրա հաշվին մարել է այդ պարտքը: Սա խոսում է համակարգի ոչ առողջ վիճակի մասին, սա անվտանգության խնդիր է, որն այս տարվա ընթացքում ավելի է մեծանալու և սպառողն ուղղակի և անուղղակի վճարելու է այդ 30 մլն դոլարի համար, որը կուտակվել է 2019թ. ընթացքում, որը մարվել է ի հաշիվ գազամատակարարման համակարգի կայունության, անվտանգության: Միգուցե՞, այդ 30 մլն դոլարի խնդիրը լուծելու համար հիմա կարող է ավելի մեծ՝ 40-50 մլն դոլար պահանջվի»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում