Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել

Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Երկրում սարսափելի մթնոլորտ է, որի մասին ես արդեն մեկ տարի խոսում եմ: Այդ մթնոլորտը պետք է վերացնել, ընդ որում՝ արմատախիլ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ նախ և առաջ պետք է գոնե սկսել այդ ուղղությամբ աշխատանքը, ցանկանալ աշխատել այդ ուղղությամբ:

«Ինձ համար փաստ է, որ այդ մթնոլորտը շատ ավելի ծանր բաների կարող է բերել»,– ասաց քաղտեխնոլոգը:

Նրա կարծիքով, գոնե ինչ-որ հարցով պետք է նստել կլոր սեղանի շուրջ և գծել խաղի կանոններ:

«Լավ է, վատ է այսօր այս իշխանությունն է: Եթե չերկխոսենք… Եթե վաղը, մյուս օրը լինի պատերազմ՝ թե դրսից, թե քաղաքացիական, ո՞վ է պատասխան տալու: Բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են, իհարկե, ամենաշատը իշխանությունը: Դրա համար բազմիցս կոչ եմ արել առաջին հերթին իշխանությունն այդ ձեռքը մեկնի»,- ասաց Կ. Քոչարյանը:

Նա նշեց, որ երկխոսություն պետք է լինի և ընդդիմադիր տարբեր բևեռների, և իշխանության միջև, հանրային մարդկանց, որոնց խոսքը դեռ արժեք ունի, որոնք պետք է ձայն բարձրացնեն: Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ փաստացի 30 տարի երկիրը շրջափակման մեջ է, կիսապատերազմական վիճակում է: Նման պայմաններում, ըստ Կ. Քոչարյանի, պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել:

Քաղտեխնոլոգն ասաց, որ ֆեյքերի բանակ կա երկկողմանի. «Հասկանում եմ՝ քաղաքական պայքար է, բայց չեմ հասկանում, որ հայը հային կարող է տրորել, հայհոյել, առավել ևս սպանել»:

Ասուլիսին «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ ատելության միջավայրը ստեղծվել է նպատակաուղղված, դիտավորութամբ:

«Ունենք պետություն, որտեղ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան առնչությամբ որևէ ասելիք չունի երկրի ղեկավարը, այդ ղեկավարի թիմակիցները պատրաստ են ինչ-որ էժան շահարկումների, ծաղր ու ծանակի դաշտ մտցնել թեման»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում