Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի

Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը: ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել են ԲՀ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:

Նախագիծն ընդունվեց 120 կողմ ձայնով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում