Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է

Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ Գերագույն խորհրդի, հետո Ազգային ժողովի բոլոր կազմերն ամբողջովին տեղեկացված չեն եղել Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:

«Ես պատասխանատվություն եմ կրում իմ այս հայտարարության համար՝ Գերագույն խորհրդի, հետո Ազգային ժողովի բոլոր կազմերի, ներառյալ այսօրվա, ամբողջովին չիրազեկվածությունն Արցախի հարցի մասին»,- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ այն իմացությունը, որով կարող են հանդես գալ այս կամ այն պատգամավորներ, միտինգային մակարդակի տեղեկություն է:

«Եվ ահա այդ չիմացությամբ նրանք հանդիպում են, օրինակի համար, էկոլոգիական հարցով որևէ միջազգային կոնֆերանսում ադրբեջանցու, որն իրենից տասնապատիկ ավելի լավ գիտի թե մեր, թե իրենց կողմից ընդունված որոշումները, թե իրենց ստի վրա կառուցված դոկտրինը, թե մեր անատամ, անհասցեական դոկտրինը:

Այստեղ է խնդիրը, արդյո՞ք պետությունը վերջապես կընկալի այն պարզ իրողությունը, որ Արցախի հիմնահարցը ոչ անցյալի խնդիր է, ոչ էլ այսօրվա կամ վաղվա լուծելիք գործընթաց է, հարցադրում: Այն միշտ մեզ հետ լինելու է: Պետք է այդ խնդրի մանրուքներին տիրապետեն հենց այն անձիք, որոնք ամենաշատը հանդես են գալիս միջազգային հարթակներում: Մինչև չունենանք ռազմավարություն, մենք ոչ թե տանուլ կտանք, այլ կշարունակենք աշխատել տանուլ տված դաշտում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նշեց, որ տարբեր միջազգային համաժողովներին մասնակցելու նպակակով եղել է աշխարհի 50-60 պետությունում, բոլոր այդ վայրերում սեղանների վրա բոլոր անդամների առջև Ադրբեջանի կողմից պատրաստված նյութեր էին դրված՝ և տպագիր, թե տեսանյութեր:

«Քանի որ դա այն տեղեկություն է, որը տարածվում է արդեն 30 տարի, պատկերացրեք, թե մենք ինչ խնդրի առաջ ենք կանգնած: Բայց ես լավատես եմ, մենք հաղթելու ենք, ուղղակի պետք է մի քիչ շատ աշխատել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում