Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկման դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

2019 թվականի մայիսին Press TV-ն հայտարարել էր Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի հնարավոր դուրս գալու մասին` հղում անելով Իրանի նախագահին մոտ աղբյուրների:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2020 թվականի հունվարի սկզբին Իրանը հայտարարել էր «միջուկային գործարքի վերջին առանցքային՝ ցենտրիֆուգների քանակի հետ կապված սահմանափակումից հրաժարվելու մասին և նշել, որ այժմ «սահմանափակումներ չեն մնացել»: Միևնույն ժամանակ, Թեհրանը նախկինի պես մտադիր է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և պատժամիջոցների վերացման դեպքում պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը և միջուկային գործարքով նախատեսված Թեհրանի շահերի ապահովմանը:

«Իրանն ու Եվրոպան ձգտում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ամրապնդմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանն իրենց կարևոր դերն ունենան ԳՀՀԾ-ի պահպանման գործում` ապահովելով Իրանի շահերը»,- ավելի վաղ ասել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում