Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ)

Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Սա նշանակում է, որ գյուղացիները պարտավոր են իրենց անասունների մորթը սպանդանոցում իրականացնել: Այս օրենքի պահանջը դուր չի եկել անսանապահներին: Նրանք արդեն մի քանի օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ, իսկ այսօր հայտարարեցին, որ վաղն առավոտյան ժամը 8.00-ից ճանապարհներ են փակելու:

Analitik.am-ի աղբյուրի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտից սպանդանոցների ծրագրի դեմ բողոքի պահանջով Մարալիկում փակ է եղել միջպետական ճանապարհը:

Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում. «Մարալիկում սպանդանոց չկա, իսկ մոտակա սպանդանոցը Արմավիրում է՝ 80 կիլոմետր հեռավորության վրա: Կառավորությունը կապահովի՞ մեզ այն գումարով, որը ծախսելու ենք ճանապարհի վրա, իհարկե ոչ: Իրենք հաշվե՞լ են, թե սա գյուղացու վրա ինչքա՞ն է նստում։ Սպանդանոցը 20 հազար դրամ է պահանջում մի ցուլիկին մորթելու համար, իսկ մի խոզի համար՝ 8 հազար դրամ: Դուրս է գալիս, որ անասունը պետք է մորթենք և գումարի կեսը տանք սպանդանոցի տիրոջը, իսկ մյուս մասով ընտանիք պահենք»:

Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ, նրանք բացել են ճանապարհ այն պայմանով, որ Մարալիկի մարզպետարանից Մովսես Մանուկյանը 2 օրվա ընթացքում կարգավորի այս հարցը:

Նշենք, որ միջպետական ճանապարհը փակել են Անի խոշորացված համայնքի Հայկաձոր, Բագրավան, Սարակապ և Ջրարփի տարածաշրջանների բնակիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում