Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով

Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին, եկել եմ աջակցելու խոսքի ազատությանը, խղճի ազատությանը, ժողովրդավարությանը, և ընդդեմ բռնատիրության, ընդդեմ խոսքի ազատությունը լռեցնելու բոլոր փորձերի. Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որ սահմանափակի, վտանգի խոսքի ազատությունը: Այս մասին Թավադյանի աջակիցների բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ակնկալում եմ, որ շատ շուտով դատական համակարգը ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունն առաջնային կարևորագույն հարցեր են մեր պետության համար, որ պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը, որպեսզի ունենանք իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, թե այս երկու տարվա ընթացքում երկրում կատարվողը ոչ միայն մտահոգիչ է, այլև ուղիղ ճանապարհ է դեպի հին, բռնատիրական ժամանակներ, դեպի 1937 թվական, միակուսակցական համակարգ: «Նախկինին վերադարձ չի լինելու: Այսօր պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում չլինի մեկ մարդու իշխանություն, և բոլոր այն մարդիկ, որոնք այսօր հավաքվել են, բոլոր այն լրատվամիջոցները, որոնք այս բազմակարծությունը փոխանցում են, պայքարում են ոչ թե ընդդեմ, այլ հանուն վաղվա ժողովրդավարական Հայաստանի: Եթե մարդկանց և կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է ջլատել և հոգնեցնել, մենք չենք հոգնում, մեր էներգիան և մեր կամքն անսահման է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նույն դատավորներն աշխատել են նաև ՀՀԿ-ի իշխանության ժամանակահատվածում, Շարմազանովն արձագանքեց, թե ինքը դժգոհում է ոչ թե դատական համակարգից, այլ գործադիր իշխանությունից:

«Գործադիր իշխանությունն արդեն կուլ է տալիս դատական համակարգը՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո: Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիմախոսների դեմ: Թավադյանի դեմ հարուցված քրեական գործն էլ, իմ տպավորությամբ, ուղիղ ճնշում է խոսքի ազատության դեմ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս պահին դատարանը դռնփակ նիստում քննում է Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում