Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն.

«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի։ Քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում