Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել

Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտության սրմանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «ծաղրածու» է անվանել, հայտնում է The Guardian-ը:

«Թրամփը ծաղրածու է, որը ձևացնում է, թե իբր աջակցում է իրանցի ժողովրդին, սակայն նրանց մեջքի հետևում թունավոր դաշույն է պահում»,-ասել է Խամենեին:

Ավելի վաղ Թրամփը մի շարք թվիթերյան գրառումներ էր արել՝ ասելով, որ «ոգեշնչված է փողոց դուրս եկած և կառավարության դեմ ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդով»:

Բացի այդ, նա Իրանի կառավարությանը կոչ էր արել «հրաժելվել ահաբեկչությունից և երկիրը կրկին հզոր դարձնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողության շրջանակում Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում