Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի

Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «1990 թվականից Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի պակասել, այլ գնալով ստացել է ահագանցող բնույթ՝ վերածվելով պետական աջակացություն ունեցող ատելության, որ խրախուսվում է երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից, կազմում է պետական քաղաքականության մաս»,- Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ունեցած ելույթում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ այդ ատելությունն ուղղված է հայի ու հայության դեմ, ատելությամբ է թիրախավորվում ցանկացած երևույթ, որն առնչություն ունի հայկականության հետ: Ա. Թաթոյանի խոսքով, ադրբեջանական դաժանությունները դրսևորում են ստացել նաև 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ այն սանձազերծելու առաջին իսկ պահից դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձիք, դաժան էին վարվում նաև հայ զինվորների հետ:

«Սա ևս մեկ անգամ դրսևորում է այն վտանգավոր երևույթի, որ տարիներ ի վեր ունեցել է պետական աջակցություն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Ա. Թաթոյանի համոզմամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը հայատյացության դրսևորումներից է:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ կրակոցներն իրականցվում են այնպիսի եղանակով ու այնպիսի ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը, կյանքին, առողջությանը, սեփականությանը, մյուս արժեքներին»,- ասաց նա:

Ա. Թաթոյանի խոսքով, հայատյացությունը պետական մակարդակով խրախուսումն այն աստիճան մեծացել է, որ դրսևորում է ստանում գրեթե բոլոր ոլորտներում: Այդպիսի օրինակ է, նրա խոսքով, «սև ցուցակները», երբ Արցախ այցելող միջազգային հյուրերն ընդգրվում են այդ ցուցակներում, հետո նախաձեռնվում են ապօրինի հետապնդումներ այդ անձանց նպատակ:

«Սա ուղղված է Արցախի մեկուսացմանը, նրան կտրելուն միջազագային հանրությունից: Իրականում Արցախը կազմում է քաղաքակիրթ աշխարհի բաղկացուցիչ մասը: Բացարձակ լեգիտիմ են միջազգային հյուրերի, փորձագետների, լրագրողների այցերն Արցախ: Սա մի քանի անգամ ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ իմ աշխատանքի ընթացքում, հայտարարվել հրապարակայնորեն»,- ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա ընդգծեց, որ Արցախն այսօր ունի կայացած ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք վկայում են Արցախի նվիրավածությունն իրավունքների գերակայությանը ու մարդու իրավունքներին, արժեքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում