Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն իր ու ԱԱԾ անձնակազմի անունից ցավակցական խոսք է հղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի կապակցությամբ։

«Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։

Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։

Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,- ասված է ցավակցական խոսքում։

Հիշեցնենք՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է ‎1981թ.-ին։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում