«Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում

«Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում

«Քաղաքապետերի դեմ հեղափոխականների արշավը չի դադարում։ Մենք գրել էինք, որ Ամանորի շեմին Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է մեծ ու փոքր քաղաքներ՝ «խախտումներ և չարաշահումներ» հայտնաբերել և նյութերն ուղարկել դատախազություն։ Եղեգնաձոր, Վայք, Ալավերդի, Ստեփանավան, Ապարան և այլ համայնքների ղեկավարների վերաբերյալ նյութեր են փոխանցել նաև մարզպետները։

Նպատակը՝ ստիպել հին քաղաքապետերին ինքնակամ դիմում գրել, հեռանալ։ Երեկ տեղեկացանք, որ Ապարանի համայնքապետարանի ստուգումների արդյունքում արդեն քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի դատախազությունում։ «Նախաքննությունն իրականացնում է Քննչականի ՀԿԳ բաժինը, հարուցվել է ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314 հոդվածով և 179-ի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով, ներգրավված անձ չկա»,- հայտնեցին Դատախազությունից, իսկ Վայքի և Եղեգնաձորի համայնքապետարանների նյութերը դեռ ուսումնասիրվում են։

Դեկտեմբերի 26-ին էլ ոստիկանությունը հաղորդել էր Ստեփանավանում «խոշոր չափերի յուրացումների փաստերով հարուցված քրեական գործի մասին»․ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-2019 թթ․ «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին հատկացրել է ավելի քան 316 հազար եվրո և 32 միլիոն դրամ արժեք ունեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես մարդասիրական օգնություն անապահով ընտանիքների համար»։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ստեփանավանի 7 տարվա ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանն է, որը, ըստ քրգործի, «հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնության անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ է կազմել և յուրացրել 89 միլիոն դրամից ավելի տարբեր իրեր»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում