Իրանի նախագահը հայտնել է, որ այժմ ավելի շատ ուրան են հարստացնում, քան նախկինում` մինչ միջուկային գործարքի կնքումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանն այժմ ավելի շատ ուրան է հարստացնում, քան նախկինում` մինչ 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի խոսքերը փոխանցում է The Guardian պարբերականը:
«Մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան նախկինում, մինչ համաձայնագրի կնքումը… Իրանի վրա մեծացել է ճնշումը, սակայն մենք շարունակում ենք առաջ գնալ»,– նշել է Իրանի նախագահը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, 2015 թվականին միջազգային «միջնորդ վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական ձևով նույնիսկ երեք տարի կյանք չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց դրանից դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:
Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվեց ԱՄՆ-ի` իրանական միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի անց: Ծրագրի մի շարք կետերի կատարումից հրաժարվելն առաջին փուլում կապված էր հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների հետ:
Այնուհետև Թեհրանի իշխանությունները հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին ՝ ասելով, որ Իրանը հարստացնելու է ուրանն այնքան, որքան երկիրը դրա կարիքն ունի: Երրորդ փուլը սկսվեց սեպտեմբերի 6-ին, երբ Իրանը հայտարարեց, որ սկսել է աշխատել մի շարք ցենտրիֆուգների ուղղությամբ՝ չսահմանափակելով իրեն միջուկային հետազոտությունների և մշակումների ոլորտում:
Իրանը նոյեմբերի 6-ին չորրորդ անգամ հրաժարվեց միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից և սկսեց ցենտրիֆուգների օգտագործումն ուրանի հարստացման համար Ֆորդոյի օբյեկտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում