Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու

Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ամեն անգամ վարույթ իրականացնող մարմինը, դատարանն անտեսում էր պաշտպանների այն հայտարարությունները, որ կալանքի ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություններ են առաջացել, տեղի է ունեցել առողջության վատթարացում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա ասաց, որ երկու օր առաջ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կապված սրտի աշխատանքի և շնչառության հետ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Երկու օրվա ընթացքում բժիշկներն ակնկալում էին որոշակի դրական տեղաշարժ, սակայն տեղի չունեցավ: Բժիշկներն ահազանգեցին, որ դրական տեղաշարժ չի լինում, հարցը խնդրահարույց է: Երեկ մի քանի կոնսոլիում է տեղի ունեցել, որից հետո բարձրաձայնվեց Մանվել Գրիգորյանի հիվանդության ծանր վիճակի մասին»,– ասաց պաշտպանը:

Լ. Բաղդասարյանի խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո պաշտպանական կողմը բարձրաձայնել էր, որ չեն հավատում այդ հանձնաժողովի եզրակացության, որովհետև հակասական է:

«Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու: Երկու օր առաջ, երբ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, դատախազությունը ցույց տվեց, թե ինչքան է ինքը հետամուտ լինում անձի հետ կապված գործառույթներին՝ հիվանդություն և այլն, որ հենց իմանալով որոշակի խնդիր կա, մինչ այդ չէր իմանում, կներեք կոպիտ օրինակի համար, մի հատ մատերով ճտացրեց, դատարանն անմիջապես նիստ նշանակեց:

Երեկվա նիստում դատախազն ինչ ասաց՝ նայի հա, նենց խափանման միջոց կկիրառես, որ հանկարծ Գրիգորյանը երկիրը չլքի: Հարգելի դատախազ, այդ ո՞ր օրենքով ես դու ասում, որ ինքը երկիրը չպետք է լքի»,- նշեց Մ. Գրիգորյանի պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում