Միշուստինը կտրուկ փոփոխություններ է խոստացել ՌԴ կառավարությունում

Միշուստինը կտրուկ փոփոխություններ է խոստացել ՌԴ կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոյին:

«Այո, նրան հարց են տվել: Նա ասաց, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն նա չի նշել: Նա ասաց, որ կառավարության կառուցվածքը կփոխեն, նախարարներին կտրուկ կփոխեն, սակայն ազգանուններ դեռևս չի նշել»,- ասել է Կորնիենկոն:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում