Դատախազության քայլը բացասական եմ գնահատում, փորձում է ապահովագրել իրեն անցանկալի հետևանքներից. Նազիկ Ամիրյան (տեսանյութ)

Դատախազության քայլը բացասական եմ գնահատում, փորձում է ապահովագրել իրեն անցանկալի հետևանքներից. Նազիկ Ամիրյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, Մանվել Գրիգորյանի գործով Դատախազության կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը չի այցելել Մանվել Գրիգորյանին հիվանդանոց, քանի որ չի թույլատրվում:

Նա Դատախազության՝ արտահերթ նիստ հրավիրելու այս քայլը և նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը բացասական գնահատեց, իսկ թե ինչու, ասաց. «Բացասական եմ վերաբերվում Դատախազության միջնորդությանը, որովհետև Դատախազությունն իրեն անկանխատեսելի հետևանքներից ապահովագրելու համար է այս միջնորդությունն արել: Նման միջնորդություն է անում, բայց որոշում կայացնելու ուղղորդում է տալիս. կայացրե՛ք այնպիսի որոշում, որ հանրապետությունից չկարողանա դուրս գալ»:

Նա լրագրողներին ասաց, որ նրանք էլ տեսել են, թե պաշտպանական խումբն ինչ հարցեր է բարձրացրել, իսկ Դատախազությունն ինչպիսի վարքագիծ է դրսևորել:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և շարունակում է գտնվել այնտեղ: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վաթտարացման պատճառով դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ է գումարվել և քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց դատարանին վերանայել Գրիգորյանի խափանման միջոցը և ընտրել այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն չի տա վերջինիս լքել հանրապետության տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում