Նիկոլ Փաշինյանը որպես տուժող հարցաքննվել է իր, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

Նիկոլ Փաշինյանը որպես տուժող հարցաքննվել է իր, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատություն իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում