«Ինձ առանձնապես չի հետաքրքրում` կգնա Իրանը բանակցությունների, թե ոչ». Թրամփ

«Ինձ առանձնապես չի հետաքրքրում` կգնա Իրանը բանակցությունների, թե ոչ». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հուզում, թե արդյոք Իրանը կգնա բանակցությունների, թե ոչ: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր, որ Իրանն այժմ գտնվում է առավելագույն ճնշման տակ և ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն այսօր եզրակացրել է, որ պատժամիջոցներն ու բողոքի ակցիաները «ճնշում» են Իրանին, կստիպեն նրան բանակցությունների գնալ: Իրականում ինձ առանձնապես չի հուզում` կգնա՞ն նրանք բանակցությունների, թե՞ ոչ: Դա ամբողջովին կախված կլինի նրանցից, բայց ոչ մի միջուկային զենք և «մի՛ սպանեք ձեր ցուցարարներին»,-գրել է Թրամփը:

Որոշ ժամանակ անց Թրամփն իր այս գրառումը թարգմանել է պարսկերեն:

Սա առաջին գրառումը չէ, որ ԱՄՆ նախագահը թարգմանում է պարսկերեն. ավելի վաղ ֆարսիով արված գրառումով նա իր աջակցությունն էր հայտնել Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին` իրանցիներին անվանելով տանջված, բայց քաջ ժողովուրդ: Դրանից հետո Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ «կեղտոտ լեզուներն» իրավունք չունեն «պղծել» պարսկերեն լեզուն:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում