Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջովին ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է երկրի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է ria.ru-ն:

«Մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրում դրա համար, և ինչ որոշում էլ կայացնեն իշխանությունները, մենք ենթարկվելու ենք դրան»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում