Իրանը Ֆրանսիային կհանձնի վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

Իրանը Ֆրանսիային կհանձնի վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի իշխանությունները մտադիր են Ֆրանսիային հանձնել Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերը», հայտնում է IRNA գործակալությունը` հղում տալով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարի հայտարարությանը:

Ռեզայեֆարի խոսքով՝ Իրանը ձգտում էր իր տարածքում ուսումնասիրել «սև արկղերը», սակայն ձայնագրիչների վերծանման անհնարինության պատճառով որոշել է դրանք Ֆրանսիային փոխանցել:

Սկզբում Իրանը Կանադային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին է խնդրել «սև արկղերի» վերծանման համար հատուկ սարքավորումներ տրամադրել, սակայն վերջիններս հրաժարվել են: Արդյունքում, Իրանն առաջարկել է, որ Ուկրաինան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Միացյալ Նահանգներն անկախ լաբորատորիա ընտրեն, որոնք էլ որոշել են ինքնագրիչները Ֆրանսիա ուղարկել:

Հունվարի 9-ին Bellingcat համացանցային հրատարակության հիմնադիր Էլիոթ Հիգինսը հայտարարել է, որ ըստ ականատեսների` բուլդոզերները վթարի վայրից հեռացրել են ինքնաթիռի բեկորները:

Ըստ նրա` դա անհնարին է դարձնում իրական հետաքննության անցկացումը: Տեղեկությունների համաձայն` վթարի վայրը ցանկապատված կամ պաշտպանված չէ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը:

«Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա:

Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում