Հաֆթարը հրաժարվել է հրադադարի մասին Պուտինի և Էրդողանի առաջարկից

Հաֆթարը հրաժարվել է հրադադարի մասին Պուտինի և Էրդողանի առաջարկից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Լիբիացի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով հրադադարի ռեժիմ հաստատել երկրում: Այս մասին տեղեկացնում է Libya observer պորտալը:

Նշվում է, որ Հաֆթարը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, սակայն, այնուամենայնիվ, որոշել է շարունակել հարձակումը Տրիպոլիի վրա: Նա հայտարարել է, որ «իր գործողություններն ահաբեկիչների դեմ շարունակվելու են»:

«Մի խումբ անձինք գրավել են մայրաքաղաքն ու ստացել այլ երկրների աջակցությունը, որոնք նրանց ռազմական տեխնիկա, զինամթերք և անօդաչու սարքեր են տրամադրում»,-նշել է լիբիացի ֆելդմարշալը:

Պուտինն ու Էրդողանը Լիբիայի ազգային բանակին և Ազգային համաձայնության կառավարությանը կոչ էին արել հունվարի 12-ից դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում