«Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի». փորձագետներ

«Մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի». փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իմ գնահատմամբ` Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության առաջին փուլն ավարտված է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: «Ավարտված է մարտավարական, տակտիկական փուլը, և հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Իրանը հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում, սա կարևոր հետևանքներ ունեցող նպատակ է»,-ասաց նա:

Սաֆրաստյանը նկատեց, որ երբ իշխանության էր գալիս Թրամփը, հստակ հայտարարում էր, որ իր համար ամենակարևորը ԱՄՆ-ն է և հայտարարում էր, որ պետք է ձգտի թուլացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարբեր տարածաշրջաններում, ինչը կարծես Թրամփին չի հաջողվում իրականացնել: «Աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Ես կարծում եմ, որ մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի, երկու երկրներն իրենց նպատակները արդեն դրել են, և տեսնենք ինչ ընթացք կունենա»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց նաև, որ Թուրքիան իր նպատակը ևս հստակ ձևակերպել է` դառնալ տարածաշրջանային առումով առաջատար մի պետություն, որոշումներ ընդունող ուժի կենտրոն: «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունն է` Զինված ուժերի օգտագործումը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր փուլ բոլոր հարևանների հետ և չի զլանում օգտագործել իր պոտենցիալը, որը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն է»,-ասաց նա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Իրանում լայնածավալ սգո միջոցառումներ էին, և ահռելի թվով մարդիկ էին մասնակցում, ինչը ցույց է տալիս, թե ինչ հեղինակություն, համակրանք ու սեր էր վայելում Ղասեմ Սոլեյմանին: «Ակնհայտ է, որ իրանցիները օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները` հասնելու իրենց հիմնական նպատակին` Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կրճատելու ԱՄՆ զինված ներկայությունը, և առաջինը դա վերաբերում է Իրաքի տարածքին»,-ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ իրանական հասարակությունը խիստ համախմբված է, և սոցիալական բողոքի գործողությունները իշխանություններից զգալիորեն պակասել են: «Մենք ունենք Իրան, որը արտաքին վտանգի առաջ համախմբվել է, և այս իմաստով Սոլեյմանիի սպանությունը ոչ միայն ռազմական առումով կորուստ էր, այլ նաև իր մահով նա մինչև հիմա էլ ծառայում է իր ժողովրդին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Սպանությանը հաջորդեց Իրանի կողմից հրթիռակոծություն Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։

Իրանը պենտագոնը ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էլ խոստացավ վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում