Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր տարել

Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր տարել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան հայտարարել է, որ ցուցարարները թալանել են նախագահի նստավայրի այն սենյակը, որտեղ զենքեր էին պահվում:

«Բացվել են բոլոր կաբինետները, գողացվել են պետական իշխանության խորհրդանիշներ, բացի այդ, բացվել է զենքի պահման սենյակը, և զենքի որոշակի քանակ գտնվում է ցուցարարների ձեռքում: Այժմ ընթանում են բանակցություններ, վերադարձվել է հինգ միավոր զենք, սակայն գողացված նմուշների քանակը շատ ավելի մեծ է»,- ասել է պաշտոնյան «Սպուտնիկ»-ի աբխազական ծառայության հետ զրույցում:

Սուխումում շարունակվում են անկարգությունները: Ընդդիմությունը և ցուցարարները դժգոհում են նախագահական ընտրություններում պարտված Ալխաս Կվիցինիայի դատական գործի լսումների ընթացքից, 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև պետության վատ սոցիալ-տնտեսական վիճակից և կոռուպցիայից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:

Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք երեկ ներխուժել էին նստավայր և շրջափակել այն: Գրոհի ժամանակ աշխատակիցներն արդեն շենքում չեն եղել:

Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի:

Ուժայիններն ուժեղացված ծառայության են անցել:

Խորհրդարանը որոշել է 5 անձի ուղարկել նախագահի հետ բանակցությունների: Հայտնի է, որ հանդիպումը դռնփակ է եղել, սակայն անցել է լարված մթնոլորտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում