Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից. ամերիկյան ԶԼՄ-ներ

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից. ամերիկյան ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թեհրանում չորեքշաբթի օրը կործանված ուկրաինական ինքնաթիռը, որում 176 մարդ է գտնվել, սխալմամբ խոցվել է Իրանի կողմից: BBC News-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն են հրապարակել ամերիկյան ԶԼՄ-ները:

CBS News-ի հաղորդմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից:

Ուկրաինական կողմն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգումեր է կատարում՝ պարզելու, թե արդյո՞ք ինքնաթիռի անկման պատճառը հրթիռից ստացված հարվածն է եղել, սակայն Իրանը բացառել է դա:

Ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազաների ուղղությամբ հասցված ավիահարվածներից ժամեր անց:

Ամերիկյան հեռուստաընկերությունը, մեջբերելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները, հայտնում է, որ արբանյակն ինֆրակարմիր «առկայծումներ» է հայտնաբերել երկու հրթիռի արձակումից հետո, որին հաջորդել է պայթյունի առկայծումը:

Newsweek պարբերականը, հղում անելով Պենտագոնի և ԱՄՆ ու Իրաքի հետախուզության աղբյուրներին, հայտնում է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության առաջադեմ հրթիռով:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում